BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Իրավահաջորդը՝ նախկինի ու հաջորդի միջև

Իրավահաջորդը՝ նախկինի ու հաջորդի միջև
10.09.2016 | 15:07

ՀՀ նախագահը սեպտեմբերյան հերթական անակնկալը մատուցեց՝ վարչապետ փոխելով, իրադարձության ալիքները, ինչպես ջրհորը նետված քարից հետո, տարածվում են՝ ի հայտ բերելով հետաքրքիր պատկեր, որ երկու մասի է բաժանվում՝ մաս 1՝ Հովիկ Աբրահամյան, և մաս 2՝ նոր կառավարության նախարարներ:

Համբերության ու լոյալության պատճառ չտեսնելով՝ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին ՀՅԴ-ն ընդունեց իբրև կորած ու գտնված եղբայր: Աղվան Վարդանյանը նրան այնպես փառաբանեց՝ ասես յոթ պորտով դաշնակցական էր, իսկ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն անհրաժեշտություն էր, որն առաջացել էր բարեփոխումների սկիզբ դնելու, «մարդկանց մեջ հույս արթնացնելու գործընթացի համար, որը միայն այս ձևով էր հնարավոր սկսել»: Ուրեմն՝ ինչու՞ չէին մինչ այդ հրաժարական պահանջում: Նրա կարծիքով՝ վարչապետի նոր թեկնածուն ճիշտ է ընտրված. «Կարեն Կարապետյանը համաշխարհային ձեռքբերումներին, փորձին տեղյակ է, կարող է փոփոխությունների ավանգարդը լինել»: Իրականում ՀՅԴ-ն չի կարող վարչապետի փոփոխությունը անհրաժեշտ չհամարել, փոփոխություն անողը ոչ թե Սերժ Սարգսյանն է ու տնտեսությունը փրկելու մտադրությունը, այլ՝ Մոսկվայի Հայաստանում կարգ ու կանոն հաստատելու ցանկությունը: Այն կարգ ու կանոնը, որի պարագայում Հայաստանը և Ռուսաստանը կարող են միացյալ պետություն ստեղծել՝ ինչպես արդեն գրում են ռուս փորձագետները՝ բերելով Ռուսաստան-Բելառուս դաշնային պետության օրինակը:

Փաստացի միֆական պետական միավոր և գերանհաջող օրինակ: Հայաստանը նրանց պետք է իբրև տարածք, որի համար ջանադիր կասեցնում են տնտեսության զարգացումը և ապահովում աշխատուժի արտահոսքը Ռուսաստան՝ լուծելով մի քանի խնդիր միաժամանակ՝ և իրենք են էժան ու հլու աշխատուժ ստանում, և Հայաստանն է դատարկվում ու թուլանում քաղաքական ու տնտեսական դիմադրունակության տեսակետից, և իշխանության վրա են մահակ ստեղծում՝ անհրաժեշտության դեպքում ռուսաստանաբնակ հայերին պատանդ դարձնելով: Սա բարդ ու մանվածապատ աշխարհաքաղաքական խաղ է, որի երևացող կողմերը շատ քիչ են՝ չերևացողի համեմատ: Եվ այս խաղում ՀՅԴ-ն խաղում է ռուսական դաշտում: Հենց այդ պատճառով է Արմեն Ռուստամյանը հայտարարում՝ «Մեր նախարարներին որևէ «վտանգ» չի սպառնում, որովհետև մեր համագործակցությունը կապված չէր կոնկրետ կառավարության հետ, մեր համագործակցությունը հեռանկարային բնույթ ունի և համագործակցություն է ՀՀԿ-ի հետ, համագործակցության հուշագիրը ուժի մեջ է, մեր պորտֆելները հաստատ չեն պակասի»:

Իհարկե, նա չի կարող ասել, որ համագործակցությունը ՀՀԿ-ի հետ է՝ Ռուսաստանի հետ համագործակցություն է: Իվերջո, եթե նոր վարչապետը գալիս է երկիրը ռեստարտ տալու, քաղաքական վստահություն վերականգնելու, տնտեսությունը փրկելու, նա միանգամայն արդարացի կարող է պահանջ դնել գործող նախարարների, հատկապես տնտեսական բլոկի, փոփոխության՝ անկախ կոալիցիոն պայմանավորվածություններից՝ ելնելով իրեն առաջադրված խնդիրների լուծման իր ծրագրերից: ՀՅԴ-ն մենակ չէ, ավելի նվազ ձայնով, նրան արձագանքեց ՀԱԿ-ը: Ոչ այս, ոչ այն, Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի գործում Կոնգրեսն ունեցել է իր դերակատարումը. «Մի քանի օր առաջ մենք հրապարակեցինք ընտրարշավի կարգախոսը՝ «Ընտրիր փոփոխություն» և առաջին մարդը, ով արձագանքեց մեր կարգախոսին՝ Սերժ Սարգսյանն էր, որը վարչապետի փոփոխություն իրականացրեց, որի սկիզբը մենք տվեցինք»: Փաստորեն եթե փոխվի նաև առողջապահության նախարարը, Զուրաբյանն ասելու է, որ նախորդ օրը ՀԱԿ-ում փռշտացել են ու առաջին մարդը, ով արձագանքել է՝ Սերժ Սարգսյանն էր՝ ասել է առողջություն ու փոխել առողջապահության նախարարին:

Նվազագույնը զվարճալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ ու այսքան ընդգծված չդարձներ քաղաքական ուժերի կախվածությունը ռուսական դաշտից: Մինչդեռ նրանք շարունակում են խոսել ընտրություններից, որոնց արդյունքներին իրենք էլ չեն հավատում ու չեն ապավինում՝ վստահության պակասից ու գործարքների հակվածությունից: ԲՀԿ-ն, ինչպես և սպասվում էր, պաուզա վերցրեց՝ սպասելով, թե ով է լինելու իր նոր տերը և հերթապահ հայտարարություն արեց, որ Կարեն Կարապետյանը լավ կաշխատի, կաջակցեն, վատ կաշխատի, չեն աջակցի: Բարդ է «Հայկական վերածննդի» վիճակը՝ ամբողջ մեկ տարի նրանք հավակնում էին այն դերին, որ կատարելու է Կարեն Կարապետյանը և հիմա պիտի որոշեն՝ բացահայտ ընդդիմանա՞լ, որովհետև Ռուսաստանը իրենց նորից «գցեց» ու Արթուր Բաղդասարյանի վարչապետությունը, Արա Աբրահամյանի աջակցությամբ, մնաց չկայացած ցանկություն, թե՞ փորձեն նրա հետ կամուրջներ կառուցել յուրային դառնալու համար: Ո՞վ գիտի՝ դեռ ինչեր են լինելու: «Հայկական վերածնունդը» կընտրի ՕԵԿ-ի ճանապարհը՝ կեսը կողմ կլինեն մեկ տարբերակին, կեսը՝ մյուս: Այդպես ապահով է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բոլորովին պատահական չէ, որ ռուսական մամուլն ավելի շատ է անդրադառնում Հայաստանի կառավարության հրաժարականին և նոր վարչապետի անձին ու ապագա գործին։ Կարեն Կարապետյանի առավելությունն է համարվում Ռուսաստանում կապեր ունենալը, «Գազպրոմում» աշխատելը և… Հայաստանի իշխանության հետ չասոցացվելը: Պարզվում է՝ «2001-2010թթ. «Հայռուսգազարդի» ղեկավար եղած ժամանակ նա շատ բան է արել Հայաստանի գազատրանսպորտային համակարգի զարգացման համար, նա լավ հարաբերությունների մեջ է «Գազպրոմի» վարչության ազդեցիկ անդամ Կիրիլ Սելեզնյովի հետ, որ կարող է նրան օգնել լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի իշխանությունների հետ արդեն նոր կարգավիճակում՛՛։ Թե այդ տարիներին ինչպես են զարգացել Գազպրոմի ու Հայաստանի հարաբերությունները, լավ կպատմեր էներգետիկայի հանգուցյալ նախարար Արմեն Մովսիսյանը, Ռոբերտ Նազարյանն էլ՝ ոչինչ, ասելիք ունի, բայց չի ասի: Այս շրջագծում զարմանալի չէ, որ նաև ռուսական թերթերից ենք իմանում՝ որ նախարարները հրաժեշտ կտան պաշտոնին, որ նախարարները կշարունակեն պաշտոնավարել:
Իսկ Սերժ Սարգսյանին մնում է Հովիկ Աբրահամյանին նշանակել խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ նախընտրական շտաբի պետ՝ աչքի առաջ կմնա, ամեն ինչի պատասխանատվությունը նորից կբարդեն նրա վրա, քավության նոխազներ ցանկացած երկրին միշտ պետք են:

Առավել ևս, որ սեփական խաղեր խաղալու Հովիկ Աբրահամյանի հնարավորությունները գրեթե զրոյանում են: Սերժ Սարգսյանին նաև մնում է հնարվորինն անել, որ նոր վարչապետը լինի տեխնիկական ու զբաղվի տնտեսության խնդիրներով՝ քաղաքականին չխառնվի, պաշտոնավարի մինչև խորհրդարանական ընտրությունները, հակառակ պարագայում «Իրավահաջորդ» գործողությունը նույնիսկ սկսելու ժամանակ չի մնա: Սահմանադրության փոփոխությունը կլինի այն թակարդը, որտեղ փորձված աղվեսը երկու ոտքով է ընկնում՝ Կարեն Կարապետյանը կդառնա խորհրդարանական կառավարման մոդելի անցած Հայաստանի վարչապետ՝ ձևի համար նաև ՀՀԿ-ական դառնալով:

Դիտվել է՝ 2067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ